69-ամյա տղամարդը դիմել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ գանգատվելով աջ ստորին վերջույթի սառնությունից, թմրածությունից, սրունք-թաթային հոդի շարժումների սահմանափակումից, հանգիստ վիճակում սուր ցավերից։
Գանգատները սկսվել էին հիվանդանոց դիմելուց 12 ժամ առաջ, անամնեզում նշում էր Ֆատերյան պտկիկի քաղցկեղ, որի կապակցությամբ դեռեւս 3 տարի առաջ կատարվել էր վիրահատություն, ստանում էր քիմիոթերապիա:
Հիվանդանոց դիմելուց հետո սեղմ ժամկետներում կատարվել են լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ախտորոշվել է աջ ստորին վերջույթի ընդհանուր ազդրային, մակերեսային ազդրային, ծնկափոսային զարկերակների սուր թրոմբոզ:
Որոշում է կայացվել կատարել վիրահատական միջամտություն ներանոթային եղանակով, որը սուր թրոմբոզների բուժման համեմատաբար նոր եւ արդյունավետ մեթոդ է։
Օնկոլոգիայի կլինիկայի հետ նախօրոք քննարկվել են ներվիրահատական և հետվիրահատական արյունահոսական ռիսկերը:
Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ռուսլան Պալոյանի գլխավորությամբ, ասիստենտ Մեսրոպ Ավետիսյանի մասնակցությամբ անգիոգրաֆի հսկողության տակ բժիշկները real-time գնահատել և վերահսկել են հիվանդի վիճակը, իրականացվող միջամտությունը։ Առաջին փուլում կոնտռլատերալ պունկցիոն եղանակով հակառակ կողմ անց է կացվել թրոմբոլիզիսի համար հատուկ նախատեսված կատետեր, որով հիվանդը ստացել է համապատասխան դեղերը։
Կաթետերային թրոմբոլիզիսի միջոցով հնարավոր է եղել հիվանդին սուր իշեմիայից հանել։
Հաջորդ օրը կատարված անգիոգրաֆիայի արդյունքում հայտնաբերվել է ծնկափոսային և սրունքային զարկերակների կրիտիկ նեղացումներ, որոշվել է կատարել ծնկափոսային զարկերակների բալոն դիլատացիա:
Միջամտության երկրորդ փուլով էնդովասկուլյար եղանակով վերացրել են թրոմբ առաջացնող ծնկափոսային և սրունքային զարկերակների կրիտիկ նեղացումը։
Երկու փուլով իրականացված միջամտության արդյունքները գոհացուցիչ էին, հիվանդը դուրս է գրվել ստացիոնարից՝ լավացումով, գանգատներ չի նշում, գտնվում է ամբուլատոր հսկողության տակ։
Այսպիսով, ներանոթային եղանակով իրականացված վիրահատության շնորհիվ հաջողվել է փրկել պացիենտի աջ ստորին վերջույթը՝ապահովելով դրա կենսունակությունը, ծայրամասային արյան շրջանառությունը։
.png)